Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։
Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։
1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։
Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարեր։